Թուրքական իշխանությունները երկուշաբթի ձերբակալել են «հակամերիկյան երիտասարդական կազմակերպության» 15 անդամների, որոնք Իզմիր քաղաքում ֆիզիկական հարձակման են ենթարկել երկու ամերիկացի զինվորականների, գրում է թուրքական Anadolu գործակալությունը։
Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Հայրենասիրական» փոքր ազգայնական քաղաքական արտախորհրդարանական կուսակցությանն առնչվող այսպես կոչված «Թուրքական երիտասարդական միության» անդամները ձերբակալվել են դատախազի հրամանով:
Խումբը միջադեպի տեսանյութը տեղադրել է սոցիալական մեդիայի X հարթակում և հայտնել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Wasp դեսանտային գրոհային նավից իջած զինվորների գլխին պարկեր են քաշել:
Տեսանյութում երևում է, որ մի խումբ տղամարդիկ բղավում են «Յանկիներ, ցանվեք ձեր տուն», բռնել է է տղամարդուն և փորձում պարկ քաշել նրա գլխին: «Ամերիկացի զինվորները, որոնց ձեռքերը թաթախված են մեր զինվորների և հազարավոր պաղեստինցիների արյամբ, չպետք է ապականեն մեր երկիրը», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
ԱՄՆ դեսպանատունը հաստատել է միջադեպը՝ հայտարարելով, որ USS Wasp նավի վրա ծառայող զինվորականները «ներկայում ապահով վիճակում են»: Դեսպանատունը շնորհակալություն է հայտնել թուրքական իշխանություններին «արագ արձագանքման և շարունակական հետաքննության համար»:
Ամերիկյան USS Wasp ռազմանավը Միջերկրական ծովում թուրքական դեսանտային նավերի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելուց հետո կիրակի ժամանել էր Իզմիր։





























