«Նախագահ Բարաք Օբաման երկրորդ անգամ Սենատում իմ թեկնածությունն է առաջադրել Ադրբեջանի դեսպանի պաշտոնում: Ես սպասում եմ Սենատի որոշմանը, որով կհաստատվի իմ` Ադրբեջանի դեսպան նշանակվելը»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, տեղեկացնում է apa.az-ը:
Բրայզան հիշեցրել է, որ ԱՄՆ-ում, ժողովրդավարական լիազորությունների շրջանակներում, ամեն կառույց իր դերն ունի. «Մենք դա տեսնում ենք ինձ հետ կապված հարցի կապակցությամբ: Սենատը որոշում կկայացնի նախքան կոնգրեսի արձակուրդ մեկնելը: Բայց ճշգրիտ ժամկետն առայժմ հայտնի չէ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի հետագա պաշտոնավարումը կարող է հարցականի տակ դրվել: Ադրբեջանական «Թուրան» գործակալությունն անդրադարձել է Բրայզային այդ պաշտոնում Սենատի կողմից հաստատելու խնդրին, նշելով, որ այդ հարցի քննարկման ժամկետների մոտենալուն զուգընթաց` Ամերիկայի հայկական կազմակերպությունները ավելի են ակտիվանում` կանխելու համար Բրայզայի հաստատումը Սենատի կողմից։
Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱՄՆ Սենատը չհաստատեց նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված չորս դեսպանների թեկնածությունը։ Շրջանցելով Սենատը` Օբաման տարեվերջին նրանց, այդ թվում`Մեթյու Բրայզային, դեսպաններ նշանակեց իր հրամանագրով, սակայն նման ճանապարհով նշանակումները ժամանակավոր բնույթ են կրում` մեկ տարի անց նրանք, այնուամենայնիվ, պետք է հաստատվեն Սենատում։
Չհաստատված չորս դեսպաններից երեքի հարցը մտել է Սենատ, հավանություն ստացել, բայց Բրայզայի դեպքում սենատոր Ռոբերտ Մենենդեսը այդպես էլ չի հանել իր վետոն, որի հետեւանքով հենց անցյալ տարի Բրայզայի թեկնածությունը Սենատում չէր հաստատվել։ Օբամայի վարչակազմը շահագրգռված է, որ Բրայզան Ադրբեջանում շարունակի դեսպանի գործունեությունը, եւ նրան հաստատելու նպատակով ակտիվորեն աշխատում է Սենատի հետ։
Ըստ փորձագետների` եթե մինչեւ դեկտեմբերի վերջը Բրայզայի թեկնածությունը հաստատելու հարցը Սենատ չմտնի, ապա դեսպանի պաշտոնում նրա գործունեության շարունակելը շատ կբարդանա:




























