Կոնգոյի իշխանությունները երեքշաբթի հայտնել են, որ առնվազն 129 մարդ է զոհվել՝ փորձելով փախչել մայրաքաղաք Կինշասայի գլխավոր բանտից, հայտնել է CBS News-ը։ Նշվում է, որ մեծ մասը մահացել է հրմշտոցի հետևանքով։
Նախնական գնահատականներով պարզվել է, որ 24 բանտարկյալներ սպանվել են «նախազգուշական» կրակոցներից, երբ նրանք փորձել են փախչել Կինշասայի՝ բանտարկյալներով լեփ-լեցուն Մակալե կենտրոնական բանտից, հայտնել է Կոնգոյի ներքին գործերի նախարար Ժակմին Շաբանին։
Նա հավելել է, որ կառավարությունը հոգացել է 59 վիրավորի, նրանց թվում՝ փախուստի ժամանակ բռնաբարված կանանց։
Ըստ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ Մակալեն՝ Կոնգոյի ամենախոշոր բանտը, որտեղ տեղավորվում է 1500 բանտարկյալ, ավելի քան 12 հազար մարդ է պահվում:





























