Առուշ Առուշանյանն իմ ընկերն է, հայրենասեր տղա է, իր հայրենիքը շատ է սիրում, և երբ հայրենիքի հետ կապված խնդիր կար, ինքն առաջնագծում էր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ շատերը ոչ միանշանակ են ընկալել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հայտարարությունը, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում տեղի չի ունենում:
«Քանի որ Առուշ Առուշանյանն ասաց, որ քաղաքական հետապնդման տարրեր չի տեսնում, ես էլ չեմ տեսնում: Առուշ Առուշանյանը քաղաքապետ է, մենք դեռևս 2021-ին պայքարել ենք, երբ դեռ Կիրանցի խնդիրը չկար, Շուռնուխի խնդիրը կար: Պատմության մեջ միակ դեպքն է, որ Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը մեկ օրում որոշում կայացրեցին եւ հայտարարեցին, որ դեմ են այս իշխանություններին: Ես համոզված եմ, որ որեւէ տեղ հայրենիքի ու հողի հետ կապված խնդիր լինի, Առուշանյանն այդտեղ կանգնած է լինելու»,-ասաց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Առուշ Առուշանյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռքսեղմմանը, որը որոշ ընդդիմադիր շրջանակներ ծանր էին տարել, Արթուր Սարգսյանն ասաց, «Եթե ուզում ես քո քաղաքի համար ինչ-որ լավ բան անել, եթե ուզում ես քաղաքդ ծաղկեցնել եւ այն, ինչ խոսք ես տվել քո ժողովրդին, իրականացնես... ես համարում եմ, որ նա դա արել է զուտ իր քաղաքի համար: Բայց իր պայքարող տեսակը չի փոխվել, ժամանակը կգա, բոլորդ էլ կտեսնեք»:











