Մոսկվայի քաղաքային դատարանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրի մասնաճյուղի տեսական և կիրառական մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Շիպլյուկին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ։
Նա դատապարտվել է գաղութում 15 տարվա ազատազրկման և 1 տարի 6 ամիս ազատության սահմանափակման։ Ըստ «Коммерсантъ»-ի՝ նա միաժամանակ տուգանվել է 500 հազար ռուբլով:
Դատախազությունը գիտնականի համար պահանջել է 20 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում և 2 տարով ազատության սահմանափակում։ Ըստ ТАСС-ի՝ գործը որակվել է որպես «գաղտնի», ուստի դատարանը հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը։
Պաշտոնապես դեպքի մանրամասներն անհայտ են։ Վարկածներից մեկով՝ գիտնականի ձերբակալությունն, ըստ ամենայնի, առնչվում է հիպերձայնային զենքի մասին տեղեկության արտասահման փոխանցմանը։
Ալեքսանդր Շիպլյուկը ձերբակալվել է 2022 թվականի օգոստոսին։ Նա թիվ 5 «Հիպերձայնային տեխնոլոգիաներ» լաբորատորիայի վարիչ, ՌԴ ԳԱ անդամ։
Շիպլյուկը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր է, արագընթաց աերոգազադինամիկայի և գազի հոսքերի ուսումնասիրման փորձարարական եղանակների մասնագետ։ 2007 թվականից դասախոսում է Նովոսիբիրսկի պետական տեխնիկական համալսարանում։
2022 թվականի ամռանը դավաճանության կասկածանքով ձերբակալվել են Նովոսիբիրսկի Ակադեմգորոդոկի ևս երկու ֆիզիկոս՝ նույն ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Անատոլի Մասլովը (դատապարտվել է 14 տարով) և Նովոսիբիրսկի պետական համալսարանի տեխնոլոգիաների քվանտային օպտիկական լաբորատորիայի ղեկավար, ՌԴ ԳԱ լազերային ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Դմիտրի Կոլկերը: Վերջինս հետաքննության ընթացքում մահացել է: Քննչական կոմիտեն նրա մահվան մեջ հանցանշաններ չի տեսել:





























