Վրաստանի սահմանապահ ոստիկանության չորս ուղղաթիռներ միացել են Բորժոմի քաղաքից 18 կմ հեռավորության վրա գտնվող Ախալդաբա առողջարանային գյուղի մոտակայքում բռնկված հրդեհը մարելուն։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հրշեջներն ու փրկարարները ուղղաթիռներով առավոտից փորձում են տեղայնացնել Բորժոմի կիրճում բռնկված հրդեհը։ Մինչ նրանց ժամանելը տեղում աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Բարդ տեղանքի պատճառով հնարավոր չէ հրդեհաշիջման տեխնիկան մոտեցնել կրակին։

Անտառային հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված է 150 հրշեջ Թբիլիսիից, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի և Շիդա Քարթլիի շրջաններից։ Աշխատանքներին ներգրավված են նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի պահպանության գործակալության ռեյնջերները։ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ստեղծել է դաշտային շտաբ, որտեղից անօդաչու սարքերի միջոցով համակարգվում է հրդեհաշիջման գործընթացը։

Բորժոմի անտառում հրդեհը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան։ Տեղի բնակիչներին վտանգ չի սպառնում։