«Խորտիցա» հայտնի օղու սեփականատեր, միլիոնատեր Եվգենի Չերնյակը  Զապորոժյեի  բոուլինգ-ակումբում դաժան ծեծի է ենթարկվել: Ուկրաինայի  ամենահարուստ 100 մարդկանց ցուցակում ընդգրկված միլիոնատերը վստահ է, որ մահափորձ է կատարվել եւ պահանջում է հետաքննություն անցկացնել, տեղեկացնում է «Նովի ռեգիոն»-ը:

Չերնյակն ասել է, որ իրենց վրա միանգամից 10 մարդ է հարձակվել, որոնք դրանից առաջ իրար բարեւում եւ գրկախառնվում էին, ընդ որում` դա անում էին միաժամանակ, առանց որեւէ առիթի, ինչն էլ թույլ է տալիս կասկածել, որ հարձակումը կանխամտածված էր: Չարագործները կոտրել են նրա գլուխը, իսկ բժիշկները ուղեղի ցնցում են ախտորոշել: Հարձակման ընթացքում տուժել են նաեւ օղու մագնատի երկու թիկնապահները:

Միլիոնատիրոջ թիկնազորը սեփական հետաքննությունն է վարում` ուսումնասիրելով չարաբաստիկ ժամանցային հաստատությունում տեղադրված վերահսկիչ տեսախցիկների ձայնագրությունները

Մասնավոր խուզարկուներին հաջողվել է շուրջ տասը կասկածյալների հայտնաբերել: Ոստիկանությունում ակումբի կռվի փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` «Մի խումբ անձանց կողմից իրականացված խուլիգանություն» հոդվածով:

Սակայն մամուլում նաեւ այլ տարբերակ է շրջանառվում, համաձայն որի` Չերնյակը ուշադրության նշաններ է ցուցաբերել մի աղջկա նկատմամբ, նույնիսկ շամպայն է հյուրասիրել նրան, ինչը զայրացրել է վերջինիս ընկերոջը: սկսված վեճն արագ վերածվել է ծեծկռտուքի, գրում է«Իզվեստիա» թերթը:

Հավելենք, որ Եվգենի Չերնյակը  Ուկրաինայի  ամենահարուստ 100 մարդկանց ցանկում է, նրա ունեցվածքը գնահատվում է 315,9 միլիոն դոլար: 2009թ. նա նաեւ հայտնվել էր Ուկրաինայի խոշորագույն մեկենասների հնգյակում: