Վրաստանում մանկապղծության և սեռական ոտնձգության համար դատապարտվածների էլեկտրոնային գրանցամատյան կստեղծվի, դրա մասին հայտնել է NewsGeorgia-ն՝ վկայակոչելով Հատուկ քննչական ծառայությանը։
Գրանցամատյանում ներառվելու են՝
սեռական ոտնձգության և երեխաների և անչափահասների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների մեջ բնված անձինք,
Շշահույթ ստանալու նպատակով անձնական կյանքի դրվագներ ձեռք բերածներն ու տարածները,
նմանատիպ մի քանի հանցագործություններ կատարած դատապարտյալները:
Գրանցամատյան ընդգրկված անձանց նկատմամբ կիրառվելու են մի շարք սահմանափակող միջոցներ, դրանց թվում՝
անչափահասների հետ ապրելու արգելք,
ուսումնական հաստատություններին 30 մետր շառավղով մոտենալու արգելք,
ուղևորներ փոխադրելու, բժշկական և մանկավարժական գործունեություն ծավալելու, սոցիալական աշխատող աշխատելու և այլնի իրավունքից զրկում,
Մոնիտորինգն իրականացնելու է Հատուկ քննչական ծառայությունը։ Հանցագործությունների համար դատապարտվածներից կպահանջվի պարբերաբար ներկայանալ քննչական մարմին, իսկ իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է ստուգեն նրանց բնակության և աշխատանքի վայրերում և պահանջեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։
Գերատեսչության տվյալներով՝ նախաձեռնությունն ուղղված է երեխաների և դեռահասների համար անվտանգ միջավայր ստեղծելուն, ինչպես նաև համացանցում մանկապղծության, սեռական ոտնձգության կամ շանտաժի դեպքերի կանխմանը։
Վերջին շրջանում Վրաստանում հաճախակիացել են նման դեպքերը։ Ծառայությունը նշում է, որ ինտերնետին հասանելի ցանկացած երեխա կամ մեծահասակ կարող է զոհ դառնալ։
Գրանցամատյանի ստեղծման ծրագրերի մասին հայտարարվել է Վրաստանի 32-ամյա բնակչի ձերբակալությունից հետո, որին մեղադրել են մանկապղծության համար։ Հանցագործը սոցցանցերում կեղծ հաշիվներից շփվել է 10 տարեկան և բարձր տարիքի աղջիկների հետ և խաբեության ու սպառնալիքների միջոցով ձեռք բերելով նրանց վստահությունը, ստիպել է նրանց իր համար ինտիմ բովանդակությամբ լուսանկար և տեսանյութներ անել։ Քննիչների տվյալներով՝ չարագործի զոհ են դարձել տասնյակ անչափահասներ։





























