Լիբանանի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամանի նկատմամբ չորեքշաբթի՝ ձերբակալությունից մեկ օր անց, մեղադրանք է առաջադրվել պետական միջոցներ վատնելու և փողերի լվացման մեջ, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը՝ վկայակոչելով դատական աղբյուրը։
Երեքշաբթի նա հարցաքննվել է 40 միլիոն դոլարի գողության գործով և կալանավորվել։ Սալամեն Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը լքեց 2023 թվականի հուլիսի վերջին։
Ֆինանսական դատախազը Սալամեին մեղադրանք է առաջադրել պետական միջոցներ վատնելու, ինչպես նաև ապօրինի հարստացման և փողերի լվացման մեջ, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը:
Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավարը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 1993 թվականից մինչև 2023 թվականը, բազմիցս հերքել է իր մեղքը: Նրան մեղադրանք է առաջադրվել «նախաքննության» ավարտին։
Գործը փոխանցվել է հետաքննիչ դատավորին, որը առաջիկա մի քանի ժամվա ընթացքում կնշանակի Սալամեի հետագա հարցաքննության օրը, նշել է աղբյուրը։ Սրանից հետո դատավորը կա՛մ ԿԲ նախկին ղեկավարին կալանավորելու պաշտոնական որոշում կընդունի, կա՛մ կորոշի նրան գրավի դիմաց ազատ արձակել։
74-ամյա Սալամեն Լիբանանի՝ 2019 թվականի վերջին սկսված դրամատիկ տնտեսական ճգնաժամի գլխավոր մեղավորի տխուր համբավ ունի:





























