ԱՄՆ-ում 2024թ. գրանցվել է զանգվածային սպանությունների 30 դեպք, չորեքշաբթի տեղեկացրել է Associated Press (AP) գործակալությունը։
«Զանգվածային սպանություն» ասելով նկատի է առնվում միջադեպը, որի հետեւանքով «զոհվել է չորս կամ ավելի մարդ, չհաշված հարձակվողին»։ 2023թ. ԱՄՆ-ում տեղի է ունեցել 42 նման դեպք, զոհվել է 217 մարդ։ 2024թ. այդ ցուցանիշը հասել է 131 մարդու։ Զանգվածային սպանությունների 30 դեպքից 22-ում հարձակվողները կիրառել են հրազեն։
Զանգվածային սպանություններն այս տարի տեղի են ունեցել Այովայի, Ալաբամայի, Արքանզասի, Հավայների, Ջորջիայի, Արեւմտյան Վիրջինիայի, Իլինոյսի, Կալիֆոռնիայի, Քենտուկիի, Միսուրիի, Նեւադայի, Նյու Յորքի, Օքլահոմայի, Փենսիլվանիայի, Հյուսիսային Կարոլինայի, Տեխասի, Ֆլորիդայի նահանգներում։





























