Ղազախստանում Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավոր Ասկար Սադիկովին զրկել են մանդատից աշխատակցուհու դեմ ոտնձգության պատճառով, հայտնել է «Ակ Ժոլ» խմբակցության ղեկավար Ազատ Պերուաշեւը։

Նրա խոսքով՝ խորհրդարանի աշխատակցուհուց ստացվել է դիմում «Սադիկովի կողմից բազմակի ոտնձգությունների մասին»։ Պերուաշեւը պատմել է, որ պատգամավորի «վիրավորական առաջարկները» ստացվել են 2024թ. ապրիլի 17-ին, իսկ մայիսի 15-ին «նա կրկնել է նման գործողությունները»։ «Այդ ոտնձգությունները Ա.Սադիկովը կատարել է մշտապես, նաեւ այլ օրերին»,- գրել է նա։

Կինը չի կարողացել դիմել իրավական պաշտպանության համար նրա պատգամավորական անձեռնմխելիության պատճառով։ «Իմ դիտողություններից հետո Սադիկովը հայտնել է, որ ինքը պատգամավոր է եւ «իրավունք ունի ասելու ինչ ուզում է եւ ում ուզում է։ Ուստի մենք վերացրինք այդ «խոչընդոտը», եւ ընդունված որոշումը Սադիկովին մանդատից զրկելու մասին թույլ կտա զոհին պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը»,- նշել է Պերուաշեւը։

Նա ավելացրել է, որ կան այլ օրինակներ  նախկին պատգամավոի կողմից, որոնք «գուցե, պահանջում են իրավապահ մարմինների» ուշադրությունը։ Այդ դեպքում, ըստ Պերուաշեւի, կուսակցությունը պատրաստ է «նրանց աջակցություն ցուցաբերել»։

Խորհրդարանում 55-ամյա Ասկար Սադիկովը օրենսդրական եւ դատաիրավական ռեֆորմի կոմիտեի կազմում էր։ Նա հրաժարվել է մեկնաբանել ղազախական «Ազատություն» ռադիոյին կուսակցության առաջնորդի տված հայտարարությունը։ «Առանց մեկնաբանությունների։ Թող Պերուաշեւը սարքի ինչ ուզում է»,- պատասխանել է նա։

Սադիկովին մանդատից զրկելու որոշումը Ղազախստանի ԿԸՀ-ն ընդունել է դեռ օգոստոսի 29-ին «Ակ ժոլ» կուսակցության որոշման հիման վրա։ Բայց միայն սեպտեմբերի 4-ին նրա առաջնորդը մանրամասներ է ներկայացրել։ «Մեր լռությունը ոմանք ճիշտ չեն գնահատել, այդ թվում եւ Սադիկովի մատուցմամբ, որը հարցազրույցներից մեկում անգամ իրեն համեմատել է 1937թ. բռնաճնշումների հերոսական զոհերի հետ, որը տուժել է «հանուն ճշմարտության»,- ասել է Պերուաշեւը։ Նա ներկայացրել է գրագրության սքրինշոթերը եւ աշխատակցուհու դիմումը խորհրդարանին։ Ավելի ուշ նա դրանք հանել է՝ նշելով, որ դա արվել է հայտատուի խնդրանքով, թեեւ սկզբում վերջինը համաձայնել էր դրանց հրապարակմանը։ Սակայն որոշ ԶԼՄ-ներ հասցրել են հրապարակել դրանք։