Մոսկվան երբեք չի հրաժարվել «ազնիվ բրոքերի» իր դերից Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացում, «Союзники. ОДКБ» հասարակական-քաղաքական պարբերականի հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել «ազնիվ բրոքերի» իր դերից Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցային գործընթացում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները գործընկերների հետ, մասնավորապես՝ նրա պետական այցն Ադրբեջան օգոստոսի 18-19-ին, եւ հեռախոսազրույցները Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ, որոնց ընթացքում շեշտադրվել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի քննարկումը, դրա հաստատումն են»,- ասել է դիվանագետը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նաեւ նշել է, որ «հենց շնորհիվ ռուսական կողմի եւ անձամբ Պուտինի» հաջողվեց կանգնեցնել 2020թ. պատերազմը, մշակել եւ կենսագործել եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, մեր մերձավոր հարեւանների, գործընկերների եւ դաշնակիցների տարածքում բարեկեցության եւ խաղաղության հաստատմամբ։ Մենք դիտարկում ենք հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը որպես անփոխարինելի նախադրյալ անբաժանելի անվտանգության եւ կայուն սոցիալ-տնտեսական զարգացման հաստատման համար»,- ասել է Կոպիրկինը։