Արցախի եվրոպական շարժումը ողջունում է Հարավային Օսիայի նախագահի ընտրություններում Ալլա Ջիոեւայի հաղթանակը: Կազմակերպությունը շնորհավորում է նորընտիր նախագահին հաղթանակի կապակցությամբ եւ հույս հայտնում, որ նրա պաշտոնավարության ընթացքում կդադարեն լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ճնշումները եւ հալածանքները Հարավային Օսիայում եւ երկիրը կթեւակոխի զարգացման նոր փուլ:

Միեւնույն ժամանակ կազմակերպությունը կոչ է անում հեռացող նախագահ Էդուարդ Կոկոյտիին դադարեցնել հակաժողովրդավարական գործողությունները եւ հարգել օս ժողովրդի ընտրությունը, շնորհավորել հաղթած թեկնածուին եւ նախադեպ ծառայել Հարավային Կովկասի ժողովրդավարացման համար:

Արցախի եվրոպական շարժումը ղարաբաղյան հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2010թ. ապրիլին, երիտասարդ մասնագետների կողմից, կազմակերպության նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ եվրոպական կառույցների/երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը, միջազգային հասարակական սեկտորում Արցախի ճանաչվելուն: Կազմակերպությունն իրականացնում է նաեւ կրթական խորհրդատվություն եւ աջակցություն, ինչի շնորհիվ արցախցի երիտասարդները մասնակցում են միջազգային տարբեր երիտասարդական ծրագրերի, այդ թվում` կազմակերպված Եվրախորհրդի եւ Եվրամիության կողմից: