Կոլումբիայի գլխավոր դատախազը հինգշաբթի հայտարարել է, որ հետաքննություն է սկսել իսրայելական Pegasus լրտեսական ծրագրային ապահովման ենթադրյալ գնման և անօրինական օգտագործման վերաբերյալ, հայտնել է Reuters-ը:
Որոշումը հաջորդել է նախագահ Գուստավո Պետրոյի հեռուստատեսային ելույթին: Նախագահը հայտարարել է, որ երկրի ազգային ոստիկանության ստորաբաժանումը ծրագրային ապահովումը ոչ պաշտոնապես գնել է 11 միլիոն ԱՄՆ դոլար կանխիկ գումարով:
«Հետաքննությունը, ի թիվս այլ բաների, նպատակ ունի պարզելու, թե արդյոք (ոստիկանության ստորաբաժանման) DIPOL-ի և NSO-ի միջև ավարտվել են բանակցությունները, և եթե գնում է կատարվել, որտեղից են գումարները և ինչին է առնչվում Կոլումբիայից Իսրայել կանխիկ գումարի փոխանցումը», - ասված է Կոլումբիայի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Վերջին տասնամյակում բազմիցս բացահայտվել է, որ լրտեսական տեխնոլոգիաները, դրանց թվում՝ Pegasus-ը, օգտագործվել են քաղաքացիական հասարակության անդամների, քաղաքական ընդդիմության և լրագրողների հեռախոսները կոտրելու համար: Ադրբեջանը նույնպես բռնվել է վերջին տարիներին Հայաստանի դեմ իսրայելական նշված լրտեսող ծրագրային ապահովումն օգտագործելով:





























