Հորդառատ անձրևների ալիքը հինգշաբթի հարվածել է հյուսիսային Իտալիային՝ հեղեղելով Միլանի ֆինանսական կենտրոնը: Մտավախություն կա, որ հեղեղը Պիեմոնտ շրջանում տրակտոր հանդերձ քշել-տարել է տղամարդուն:
RAI պետական հեռարձակողի կադրերը ցույց են տվել, որ Թուրինի մոտակայքի Օրկո վտակում դեռևս տեսանելի է մեքենայի անիվը, որտեղ տրակտորը շրջվել է պղտոր ջրի մեջ: Փրկարարները հայտնել են, որ որոնում են անհայտ կորած 58-ամյա տղամարդուն։
Մեկ այլ գետ էլ դուրս է եկել ափերից՝ Պիեմոնտի Վալ դի Սուսայում՝ փլուզելով երկու կամուրջ, փակելով ճանապարհը և մեկուսացնելով երկու գյուղերի մոտ 50 մարդու։
Եվս երկու հյուսիսային շրջաններ՝ Լոմբարդիան և Վենետոն, տուժել են զանգվածային ջրհեղեղի հետևանքով, որը ավերածությունների պատճառ է դարձել Միլան քաղաքում, որտեղ վարարել են Սևեզո և Լամբրո գետերը։
Միլանի հրշեջները հայտնել են, որ իրենք արձագանքել են իրենց մեքենաներում, գետնանցումներում և ջրով լցված նկուղներում խրված մարդկանց փրկելու տասնյակ կոչերին:
Քաղաքային իշխանությունները ջրհեղեղի պատճառով մետրոյի որոշ կայարանների աշխատանքը ստիպված են եղել դադարեցնել։ Միլանի Radio Popolare ռադիոկայանը հեռարձակման կենտրոնի ջրհեղեղի պատճառով 1976 թվականին հիմնադրումից ի վեր առաջին անգամ անջատվել է։





























