Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում, այսօր դեկտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ Ռուստամ Գասպարյանը բացակայում է Հայաստանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում փոխանցեց Ջանֆիդա  գյուղի գյուղապետ Էդիկ Մանուկյանը: 

Վերջինիս խոսքով, բարեբախտաբար տուժողներ  չեն եղել, քանի որ կոնկրետ տան վրա չեն կրակել, այլ` օդ: «Լսողներ են եղել: Կոնկրետ տեսնողներ չեն եղել: Տուժողներ չկան: Բայց 2-3 տեղ կրակոց ա եղել: Ժողովուրդը մտածել է, թե հրացանի կրակոցներ են, բայց պարզվել է, որ ավտոմատի կրակոցներ են եղել»,- նշեց գյուղապետը:

Գյուղապետն ասաց, որ Ռուստամ Գասպարյանը ներկայումս բացակայում է Հայաստանից, իսկ ընտանիքի անդամները չգիտեն, թե կոնկրետ ովքեր են եղել, քանի որ թշնամիներ չունեն: «Ոստիկանությունն էլ այսօր մի քանի ժամ գյուղում է եղել, հերթով տները ման է եկել, բայց ոչինչ չի հայտնաբերվել»,- հավելեց գյուղապետը:

Գյուղացիներն էլ պատմում են, որ երկու մեքենա են գյուղով արագ անցել եւ կրակոցներ արձակել Ռուստամ Գասպարյանի տան ուղղությամբ: