Շաբաթ օրը վեց մարդ, այդ թվում մեկ խաղաղ բնակիչ, զոհվել է բռնության բռնկման հետեւանքով թշնամական էթնիկ խմբերի բախումների ժամանակ Մանիպուր նահանգում, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին։

Մեյտեների համայնքը եւ կուկ ցեղը պարբերաբար բախումներ են կազմակերպում անցած տարվանից, այն բանից հետո, երբ դատարանը նահանգի կառավարությանը պարտավորեցրել է դիտարկել հատուկ տնտեսական արտոնությունների եւ քվոտաների տարածման հարցը պետական աշխատատեղերի եւ կրթության վրա, որոնցից օգվում են կուկերը, ինչպես եւ մեյտեները։

Ավելի քան 225 մարդ զոհվել է, մոտ 60 000 հոգի ստիպած հեռացել է տներից։

Շաբաթ օրվա միջադեպը, հրազենի կիրառմամբ, մեկ օրում հանգեցրել է ամենամեծ թվով զոհերի բռնության վերջին բռնկման ընթացքում, որն սկսվել է մեկ շաբաթ առաջ։ Հարձակումների ընթացքում, որոնք տեղի են ունեցել այս շաբաթ, կիրառվել են նաեւ անօդաչուներ պայթուցիկ սարքեր նետելու համար, ինչը իշխանություններն անվանել են զգալի թեժացում։

Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածում է, որ անօդաչուներն օգտագործվել են կուկերի կողմից, ինչը համայնքում մերժում են։

«Մարտերը երկու համայնքների զինված խմբերի միջեւ շարունակվում են առավոտվանից»,- ասել է Ջիրիբամ նահանգի (որտեղ տեղի է ունեցել բախումը) կոմիսարի տեղակալ Կրիշնա Կումարը։

Հնդկական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ խաղաղ բնակիչը  սպանվել է քնած ժամանակ։

«Նա սպանվել է իր սենյակում»,- ասել է Կումարը Reuters գործակալությանը՝ ավելացնելով, որ իրավիճակի վերահսկման համար ուղարկվել են անվտանգության ուժեր։

Մանիպուր նահանգի իշխանությունները բոլոր դպրոցներին հրամայել են չաշխատել շաբաթ օրը։