Երեւանի Փյունիկը պարտավոր է ինչպես միշտ պայքարել Հայաստանի առաջնությունում առաջին տեղ գրավելու համար. ակումբի պատմությունն ուղղակի թույլ չի տալիս մտածել այլ բանի մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի փոխչեմպիոն Փյունիկի նոր գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանը, որն այդ պաշտոնում փոխարինեց Վարդան Մինասյանին:
Մինչեւ այս նշանակումը Սուրեն Չախալյանն աշխատում էր ակումբի պատանեկան թիմերի հետ եւ միաժամանակ մինչեւ 17 տարեկանների Հայաստանի հավաքականի մարզիչն էր 2010-2011 թվականներին:
Պարոն Չախալյան շնորհավորում եմ Փյունիկի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կազմի հետ ծանոթանալու խնդիր դուք չունեք, իսկ նախապատրաստական փուլի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան:
Շնորհակալություն շնորհավորանքի համար: Փյունիկն այժմ արձակուրդում է: Թիմը կհավաքվի դեկտեմբերի 20-ին եւ մինչեւ նոր տարի յուրաքանչյուր ֆուտբոլիստ կմարզվի անհատական ծրագրով: Նոր տարուց հետո մարզումները կվերսկվեն հունվարի 6-ին: Ծրագրեր կան, բայց այս պահին դեռ չեմ կարող ասել, թե քանի հավաք կանցկացնենք եւ որտեղ: Ամեն ինչ կհստակեցվի արձակուրդից հետո:
Թիմի եւ ձեր առջեւ խնդիր արդեն դրվե՞լ է:
Առայժմ ոչ, սակայն Փյունիկի պատմությունն ուղղակի թույլ չի տալիս մտածել այլ բանի մասին: Թեեւ ղեկավարությունը դեռ խնդիր չի դրել, բայց ամեն ինչ առանց դրա էլ հասկանալի է: Փյունիկը պարտավոր է միշտ պայքարել առաջնության առաջին տեղի համար:
2011թ. մրցաշրջանի ավարտից հետո ակումբի ղեկավարությունը հայտարարեց, որ թիմը նոր խաղացողների ձեռք չի բերի: Կկարողանա՞ թիմի երիտասարդ կազմը պայքարել ոսկե մեդալների համար:
Կարծում եմ` այո, կկարողանա: Իհարկե, շատ բարդ կլինի գրավել առաջին տեղը, բայց ես վստահ եմ, որ այս երիտասարդ կոլեկտիվն ի զորու է դառնալ առաջինը: Այս կազմով Փյունիկը խաղացել է 2011թ. մրցաշրջանում. կազմի խաղացվածության տեսանկյունից խնդիր չունենք: Բացի այդ, մեր թիմում կան 5-6 ֆուտբոլիստներ, որոնք երիտասարդ են եւ նրանց չի հերիքում փորձ: Մյուսներն արդեն մի քանի տարի խաղում են Փյունիկում եւ ընդգրկվել են նաեւ մեր հավաքականներում: Կարծում եմ`նրանց հետ երիտասարդ խաղացողները կզգան վստահություն եւ դա կլինի փորձ ձեռք բերելու եւ վարպետություն կատարելագործելու մեկնակետ:
Ձեր կարծիքով, Փյունիկում ո՞ր խաղային օղակում կա ուժեղացման անհրաժեշտություն:
Այս պահին մենք ունենք հավասար թիմ: Բայց, եթե համեմատենք խաղային օղակները, ապա հարձակման գծում միայն երիտասարդ ֆուտբոլիստներ են: Ես չեմ ասում, թե մեր հարձակումը թույլ է: Պարզապես, երիտասարդ խաղացողները պետք է փորձ եւ վարպետություն ձեռք բերեն: Դրա համար նրանց ժամանակ է անհրաժեշտ: Վստահ եմ, որ ամեն խաղում մեր ֆուտբոլիստները կավելացնեն: Թիմի համար դա ամենակարեւորն է:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
Լուսանկարը` Ավետիք Հարությունյանի




























