Հարավային Օսիայի կառավարության շենքի դիմաց այսօր` դեկտեմբերի 1-ին, ժամը 21:30-ի դրությամբ հավաքվել են նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւայի 500 կողմնակիցներ:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, որոշ ժամանակ ցուցարարները զբաղեցրել են ճանապարհի բանուկ մասը եւ խանգարել երթեւեկությանը: Փորձ է արվել մտնել կառավարության շենք, սակայն Ջիոեւան կոչ է անում իր կողմնակիցներին զուսպ լինել:
Հարավային Օսիայի ընդդիմության կողմնակիցները երկրի նախագահի ընդունարան դիմում եմ հանձնել, որի պատճենը հազարավոր օրինակներով բաժանվել է ցուցարարներին:
Քաղաքում ստեղծված իրավիճակին հետեւում են հատուկ նշանակայինները, ովքեր հավաստիացրել են, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է:
«Մենք երբեք զենք չենք կիրառի մեր իսկ ժողովրդի նկատմամբ»,-հայտարարել է երկրի ՆԳ նախարար Միխայիլ Վալեեւը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հարավային Օսիայի Գերագույն դատարանը նոյեմբերի 29-ին խախտումների պատճառով անվավեր էր ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց առաջատար դիրքում էր Ջիոեւան:
Լրացուցիչ ընտրությունները նշանակվել են 2012թ. մարտի 25-ին: Ջիոեւան դրանցում չի կարող մասնակցել: Նա տվյալ վճռի դեմ բողոք է ուղարկել դատարան:
Նախօրեին Ալլա Ջիոեւան նախագահ Էդուարդ Կոկոյտիին երկու պահանջ է ներկայացրել` կասեցնել Գերագույն դատարանի որոշումը եւ հրապարակել ԿԸՀ-ի արձանագրությունը, իսկ այդ պահանջների կատարման դիմաց Կոկոյտիին անվտանգության երաշխիքներ է խոստացել:




























