Վիետնամի հյուսիսային մասում «Յագի» թայֆունի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ևս 176-ը՝ վիրավորվել, հայտնում է PA Media-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։
Երկրի իշխանությունները նախազգուշացրել են հորդառատ անձրևների մասին՝ չնայած դրանց ուժգնության նվազմանը:
Թայֆունը, որը Վիետնամի իշխանությունները վերջին տասնամյակում ամենահզորներից են անվանել, երկրի հյուսիսում ավելի քան երեք միլիոն մարդու առանց էլեկտրականության է թողել:
Վնասվել են նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ՝ գրեթե 116192 հա, որտեղ աճեցվում է հիմնականում բրինձ և մրգեր։
Շաբաթ ցերեկը թայֆունը մինչև 149 կմ/ժ քամու արագությամբ հարվածել է Վիետնամի հյուսիսային Քուանգնին և Հայֆոն առափնյա նահանգներին: Այն մոլեգնել է մոտավորապես 15 ժամ, այնուհետև կիրակի վաղ առավոտյան աստիճանաբար վերածվել արևադարձային դեպրեսիայի:
Վիետնամի օդերևութաբանական վարչությունը հորդառատ անձրև է կանխատեսել հյուսիսային և կենտրոնական նահանգներում և զգուշացրել ցածրադիր վայրերում ջրհեղեղների, գետերի հանկարծակի վարարումների և զառիթափ լանջերին սողանքների մասին:





























