Եվրամիության երկրները որոշում են ընդունել իրենց դեսպաններին Իրանից համակարգված եղանակով հետ կանչելու մասին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին այսօր` դեկտեմբերի 1-ին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն` Բրյուսելում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման կուլուարներում:
Բացի այդ, ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի իշխանությունների հետ առնչություն ունեցող 179 անձանց եւ հաստատությունների նկատմամբ: Առաջարկվել էր նաեւ արգելք դնել իրանական նավթի ներմուծման վրա, սակայն այն չէր ընդունվել: Այդ որոշմանը մասնավորապես դեմ է եղել Հունաստանը:
Նշենք, որ Իտալիան արդեն ետ է կանչել իր դեսպանին Իրանից եւ քննարկում է Թեհրանում իր դիվանագիտական առաքելության դադարեցման հնարավորությունը: Թեհրանում իր դեսպանատան բոլոր աշխատակիցներին ետ է կանչել նաեւ Մեծ Բրիտանիան: Բացի այդ, Լոնդոնը Իրանի բոլոր դիվանագետներից պահանջել էր 48 ժամվա ընթացքում լքել Միացյալ Թագավորությունը:




























