Գողերի ավազակախմբի աղջիկները ազատ են արձակվել և կրկին հարձակումներ են գործում Թուրքիայում ռուսախոսների տների վրա։ Նախկինում այս նույն ավազակուհիները կողոպտել էին մերսինցիների ավելի քան 50 բնակարան։ Նրանք որպես թիրախ են ընտրում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Բելառուսի քաղաքացիներին։
Ինչպես SHOT-ին են պատմել տուժածները, թուրքական լրատվամիջոցների այն ռեպորտաժներից հետո, որտեղ գողերը ցուցադրաբար ձերբակալվել են, իրենք որոշ ժամանակ հանգիստ են ապրել։ Սակայն վերջերս տեղի բնակիչները կրկին կասկածելի ծանոթ դեմքեր են նկատել։ Նրանք նայել են խցիկների տեսագրությունները և ապշել, տեսնելով նույն կանանց, որոնք գործել են նույն տարածքում, որտեղ արդեն մի քանի տասնյակ բնակարաններ էին թալանել։ Այն ժամանակ վնասը կազմել էր ավելի քան մեկուկես միլիոն դոլար։
Նոր կողոպուտի առաջին փորձն անհաջող է եղել, գրում է ռուսաստանյան ռեսուրսը։ Օրերս ավազակախումբը ներխուժել է մի տղամարդու բնակարան։ Աղջիկները անարգել մտել են բնակելի համալիրի տարածք, բարձրացել մի հարկ ու բացել դուռը։ Բայց նրանց անակնկալ էր սպասվում՝ տերը տանն էր։ Գողերը դիմել են փախուստի։
«Հիմա տեղացիները նորից վախի մեջ են ապրում։ Գողերը գործում են չափազանց լկտիաբար՝ թակում են դուռը և, եթե ոչ ոք չի արձագանքում, պտուտակահաններով և այլ գործիքներով բացում են դռները, գողանում զարդեր, կանխիկ գումար և այլ թանկարժեք իրեր։
Անցած անգամ ձերբակալել էին 10 աղջկա և 2 տղամարդու, գողերից երկուսն անչափահաս են եղել, գրում է SHOT-ը.





























