Հազարավոր տներ և շինություններ սպառնալիքի տակ են հայտնվել կիրակի օրը անկառավարելի հրդեհի պատճառով, որը բռնկվել է Լոս Անջելեսից արևելք ընկած ազգային անտառի ստորոտում, հաղորդում է Associated Press-ը:

Նահանգի հրշեջները հայտնել են, որ սպառնալիքի տակ է հայտնվել 8733 շինություն, այդ թվում՝ բնակելի տներ, ինչպես նաև առևտրային շենքեր: Հրդեհը բռնկվել է Սան Բերնարդինոյի ազգային անտառի եզրին՝ Լոս Անջելեսից մոտ 105 կիլոմետր դեպի արևելք։ Կիրակի առավոտվա դրությամբ հրդեհը այրել էր մոտ 70 քառակուսի կիլոմետր խոտ, ինչի հետևանքով տարածքը ծածկված էր մուգ ծխի թանձր ամպով:

Շաբաթ երեկոյան շրջանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել: «Ծայրահեղ բարձր ջերմաստիճանը, քամին և կայծակը հանգեցրել են կրակի արագ տարածմանը», - ասվում է շրջանի հայտարարության մեջ:

Կալիֆորնիա նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ տարածքում բուսականությունը խիստ չոր է, իսկ շաբաթ օրը ջերմաստիճանը հասել է ավելի քան 39 աստիճան Ցելսիուսի, ընդ որում հարաբերական խոնավությունը նվազել է, ինչը հրաշալի պայմաններ է  ստեղծումր կրակի տարածման համար:

Հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով հինգշաբթի երեկոյան, և դրա պատճառները հետաքննվում են։ Մոտ 500 հրշեջ, ջրցան ուղղաթիռների և ինքնաթիռների աջակցությամբ,  պայքարում են կրակի դեմ:

Տուժածների մասին տեղեկություններ չկան, տներ կամ այլ շինություններ չեն վնասվել կամ ավերվել։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ օրը Լոս Անջելեսի կենտրոնում ջերմաստիճանը հասել էր 44 աստիճանի: