Ադրբեջանը փորձում է «բարիշել» Իրանի հետ: Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի ղեկավարությամբ հատուկ պատվիրակություն է Ադրբեջանից ուղեւորվել Իրան: Նոյեմբերի 30-ից սկսված եռօրյա այցի շրջանակներում քննարկվելու են մի շարք կարեւոր հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկու երկրների համար: Այցը տեղի է ունենում Իրանի համապատասխան մարմինների հրավերով:

Հասանովի այցը համընկնում է իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների ժամանակաշրջանի հետ: Որոշ փորձագետների գնահատմամբ, այդ առաքելության միջոցով Ադրբեջանը կփորձի «բարիշել» Իրանի հետ, քանի որ վերջին շրջանում ադրբեջանա-իրանական հարաբերությունները որոշակիորեն սառել են:

Այդ առնչությամբ, ադրբեջանցի քաղաքագետ Գաբիլ Հուսեյնը նշել է, որ բարձրաստիճան պաշտոնյայի այցն Իրան հույս է տալիս, որ հարաբերությունները կկարգավորվեն: «Իրանն անհիմն կասկածներ ունի, որ Ադրբեջանը կարող է օգտագործվել Իրանի տարածքից հետախուզական տվյալներ հավաքելու համար: Հասանովի այցը հնարավորություն կտա ցրելու այդ կասկածները: Ներկայումս երկու կողմերն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները: Ես դրական արդյունքներ եմ ակնկալում»,-եզրափակել է քաղաքագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արեւելյան Ադրբեջանի համալսարանների դասախոսական անձնակազմը Թավրիզում հնչեցրած ելույթներում Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը որակել էր որպես «հանցագործ եւ հակաիսլամական»:

Նշենք, որ Իրանը սկսեց հակաադրբեջանական ելույթներով հանդես գալ այն ժամանակաշրջանից, երբ Ադրբեջանի դպրոցներում արգելվեց հիջաբ կրելըիսկ դրան հաջորդեցին նաեւ Իսլամական կուսակցության առաջնորդի եւ մի շարք անդամների ձերբակալությունները: