Որեւէ մեկը չի բացառում, որ ՀԱՊԿ-ից դուրս գլու որոշում կարող է կայացվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Որևիցե մեկը չի բացառում, ՀԱՊԿ-ն ամեն ինչ անում է դրա համար: Նույնը նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված, ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է ստորագրություն հետ քաշի այդ հայտարարությունից: Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված Հայաստանին պատասխանելու բան ունեն 1-ից 8-րդ կետերի վերաբերյալ, իսկ 9-րդ կետի վերաբերյալ Հայաստանն իր պարտավորությունները կատարում է: Հայաստանի պարտավորությունները նաեւ այդ 9-րդ կետի ու ամբողջ փաստաթղթի հիմքը դրված է նաեւ «խաղաղության խաչմերուկ» տրամաբանության մեջ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ ժողովրդի շահերից չի բխում չվերադառնալ եւ ակտիվ չմասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին, Ալեն Սիմոնյանը նախ ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Զախարովային, ապա հավելեց. «Ես կարծում եմ՝ Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսելը շատ սխալ տրամաբանություն է: Այսինքն ուզում եմ հասկանալ, որ իրենք Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով են խոսում, եւ մտածում են, որ հայերը պետք է մտածեն, որ այլ պարագայում իրենք ադրբեջանցիների միջոցով մեզ վրա հարձակում կգործե՞ն: Մենք դա, այսպես, թե այնպես, տեսել ենք: Մենք ՀԱՊԿ-ի մեջ եղել ենք, այլ երկրի միջոցով Հայաստանի վրա հարձակումների ականատես եղանք: Տպավորություն արեցին, որ որեւէ բան չի կատարվում»:

Ալեն Սիմոնյանը պնդեց, որ Հայաստանում հակառուսական արշավ չի եղել. «Մի բան հարցնեմ էլի, եթե ես հարձակվեմ ձեր վրա ու դուք ինձ դիմադրեք, դա կլինի՞ հակաալենյան արշա՞վ: Այսինքն պետք է թուլանայինք ու հաճույք ստանայի՞նք»,- նշեց նա՝ խնդրելով ուղիղ չհասկանալ իր ասածը։