NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Նիկ Ուոլշի հոդվածը Վիկ Դարչինյանի մասին: Այն հրապարակվել է ավստրալական «The Daily Telegraph»-ում:
Ոչ ոք չէր ցանկանում հագնել մկան զգեստը, թեեւ առաջարկում էին պոտենցիալ 10 միավոր: Այդ փաստը կրկնում էին եվրոպացի աստղերը, որոնք ութ երկրների թիմերի կազմերում «Մեծ մրցավազքում» (հայկական տարբերակն է «Լավագույններից լավագույնները») պայքարում էին երկրի պատվի համար: Սակայն ոչ ոք չէր ցանկանում գնալ այդ փորձությանը, քանի որ դա նշանակում էր դուրս գալ ցլի դեմ:
Հենց այդ պատճառով եվրոպացի դերասանները, նույնիսկ, ըմբշամարտի օլիմպիական չեմպիոնները համեստորեն հրաժարվեցին:
Այդ ժամանակ շոուի վարողը հասավ Վիկ Դարչինյանին:
«Եվ ես մասնակցեցի: Վերջիվերջո, իմ օրինակին հետեւեցին նաեւ ուկրաինացի եւ բելառուս մարզիկները: Ցլի հետ պայքարում ուկրաինացին կոտրեց երեք կողոսկրերը, իսկ, երբ ցուլն ընկավ բելառուս տղայի վրա, նրա ոտքը կոտրվեց»,- լոսանջելեսյան հյուրանոցի համարում պատմում է Վիկ Դարչինյանը:
«Ես պայքարում էի ցլի հետ: Մկան գլուխը շատ մեծ էր: Ես ոչինչ չէի տեսնում: Հենց այդ պատճառով ցուլը բռնեց ինձ»,- ծիծաղում է Վիկ Դարչինյանը:
Ոչ միայն բռնեց, այլեւ պոզահարեց:
«Անկասկած վախենալու էր: Մի պահ ես բռնեցի ցուլի գլուխը: Ես նայեցի նրա աչքերի մեջ եւ տեսա, որ նա տապալված է».
Շոուն նկարահանվել է Երեւանում IBO վարկածի աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելուց մի քանի շաբաթ առաջ: Վիկ Դարչինյանը իր մենեջեր Էլիաս Նասսարի եւ ամերիկացի պրոմոութեր Գերի Շոուի թույլտվությունը չէր ստացել:
«Ես թույլտվություն չեմ ստացել: Երբ ես պատմեցի նրանց, որ «Մեծ մրցավազքի» նման շոու է լինելու` նրանք ասացին «ոչ»: Ես էլ ասացի, թե «լավ, չեմ մասնակցի»: Նրանք մյուսների նման միայն հիմա են տեսնում այս վիդեոն»,- ծիծաղելով ասում է Դարչինյանը:











