ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել Իրանի նկատմամբ նոր` առավել կոշտ պատժամիջոցների կիրառմանը: Համաձայն նոր միջոցառումների` այն ֆինանսական կառույցները, որոնք Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի հետ կշարունակեն գործարար կապերը, տուգանքների կենթարկվեն:
Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցները միաձայն ընդունվել են ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատում: Նախորդ տուգանքային միջոցառումները միայն ամերիկյան բանկերին էին արգելում Իրանի ԿԲ-ի հետ գործարքները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Համանման նախաձեռնությունն արդեն արժանացել է Ներկայացուցիչների պալատի հավանությանը, այժմ այդ օրինագծերից մեկը կներկայացվի Բարաք Օբամայի դիտարկմանը: Երկրի ղեկավարն իր հերթին կարող է ստորագրել այդ փաստաթուղթը` դրան օրենքի կարգավիճակ տալով, կամ վետո դնել եւ ուղարկել լրամշակման:
Դեկտեմբերի 1-ին նախագահի վարչակազմում հայտնել էին, որ Իրանի ԿԲ-ի նկատմամբ պատժամիջոցները «պետք է ճիշտ ժամանակին մտցվեն»: Փաստացի, շտապ որոշումներ կայացնելու անթույլատրելիության վերաբերյալ օրենսդիրներին ուղղված կոչը պայմանավորված է զգուշավորությամբ, որ Իսլամական Հանրապետության բանկային հատվածի դեմ նոր տուգանքային միջոցառումները կհանգեցնեն նավթի գնի կտրուկ աճի, ինչը կարող է զգալիորեն դանդաղեցնել Արեւմուտքի երկրներում ճգնաժամի հաղթահարումը:




























