Ադրբեջանի Նարիմանովի շրջանային դատարանն ավարտել է Ավստրալիայի քաղաքացի Պ.Հան Փաուլի, Նոր Զելանդիայի քաղաքացի Իսմայել դե Սենտ-Քվենտի և Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տյեգո Հյուգոյի նկատմամբ դատավարությունը։
Ըստ haqqin.az-ի՝ դատավարության ժամանակ Բաքվի մետրոյում գնացքը ներկած Հյուգոն դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, մնացածը տուգանվել են 6800 մանաթով։
«Տուժածներին պատճառված վնասը փոխհատուցվել է:
Մեղադրող կողմի տվյալներով՝ Ավստրալիայի քաղաքացի Պ.Հան Փաուլը, Նոր Զելանդիայի քաղաքացի Իսմայել դե Սենտ-Քվենտը և Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տյեգո Հյուգոն մարտի 30-ի գիշերը ապօրինի թափանցել են «Բաքվի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ին պատկանող դեպո և գույքային վնաս պատճառել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Դատարանի որոշմամբ Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տյեգո Հյուգոն երեք ամսով կալանավորվել է, իսկ գործով մյուս մեղադրյալների նկատմամբ ընտրվել է ազատազրկմանը չառնչվող խափանման միջոց»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։





























