Հայաստանի Ազգային ժողովում դեկտեմբերի 2-ին «Բնապահպանական փորձագիտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության կողմից ներկայացված նախագծի լսումներ են ընթանում:

Օրենքի փոփոխությունները նախատեսում են նախագծերի եռաստիճան դասակարգում` ըստ շրջակա միջավայրի վրա պոտենցիալ ազդեցության, ինչպես նաեւ ըստ սահմանակից պետությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության որոշման:

Առաջին աստիճանի օբյեկտների ցանկում («Ա» դաս)  ընդգրկված են ատոմային եւ ջերմային էլեկտրակայանները,  միջուկային վառելիքի հարստացման սարքավորումները, մետաղների հանքարդյունահանումը, պոչամբարները, մի շարք քիմիական արտադրություններ, 50 հազար եւ ավելի մարդու կենցաղային մնացորդների հեռացումը: Հիշեցնենք, որ հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի 2009թ. կեսերին սկսված տեխնիկատնտեսական հիմնավորումը նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Էներգաբլոկը նախատեսվում է թողարկել մինչեւ 2017թ.:

Այստեղ ներառված են նաեւ 5000 մ եւ ավելի խորությամբ հորատանցքերի հետախուզական աշխատանքները(Նշենք, նման խորության վրա, որպես կանոն, նավթի եւ գազի որոնում է իրականացվում, մետաղական հանքերի որոնումը սահմանափակվում է մի քանի հարյուր մետրով): «Ա» դասում ընդգրկված են նաեւ 5000 խմ եւ ավելի ծավալով հողի վերին շերտի հեռացումը եւ հետազոտումը, ինչպես նաեւ 1500 մ եւ ավելի երկարությամբ ստորգետնյա գետնուղիների անցկացումը: 

Փորձաքննությունը կանցկացվի նախնական եւ հիմնական փուլերով: Նախնական փուլի ժամկետը 30 աշխատանքային օր է` «Ա» դասի նախագծերի կամ անդրսահմանային ազդեցության համար 15 օր երկարացումով:

Հիմնական փուլի առավելագույն ժամկետը «Ա» եւ «Բ» դասերի համար, համապատասխանաբար, կազմում է 60 եւ 40 օր: Հանրության իրազեկման, ինչպես նաեւ անհրաժեշտ տեղեկատվության ստացման համար փորձաքննությունը կարող է երկարացվել ժամկետի կեսի չափով (այսինքն`«Ա» եւ «Բ» դասերի համար, համապատասխանաբար, 30 եւ 15 օր):