Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն ազատ է արձակվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից:

Փաստաբանները լրագրողներին տեղեկացրել են, որ պետք չէ սպասել Աշոտյանի ազատ արձակմանը, նրան տուն են տեղափոխելու ՔԿՀ աշխատակիցները։

Իր հերթին պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն ասաց. «Այն, որ այստեղ բազմաթիվ լրատվամիջոցներ են, Արմեն Աշոտյանը կարող էր դուրս գալ,  հարցեր տրվեին, պատասխաններ տրվեին, կարծում եմ՝ քաղաքական իշխանության տեսանկյունից այնքան էլ հարմար չէր»:

Ըստ իրավապահների՝ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:

Ի հավելում հրապարակած հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեն Աշոտյանի մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել: