Այսօր Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում՝ Պարույր Սևակի 5/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքը փլուզել են։ Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջերում մի շարք օգտատերեր գրառումներ են կատարել՝ կից տեղադրելով տեսանյութեր։ Հարակից բնակելի շենքների բնակիչներն ահազանգում են, որ փլուզման աշխատանքների հետևանքով առաջացած փոշին լցվում է իրենց տները։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին, որ շենքը քանդվել է ոչ թե պայթեցման տարբերակով, այլ ճոպանների օգնությամբ շենքը իջեցնելու տարբերակով։ Նշեցին նաև, որ քաղաքապետարանը սկզբից էլ դեմ է եղել այդ շենքը պայթեցման եղանակով քանդելուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՝ Սևակի 5 հասեցում գտնվող լքված շենքը նախատեսվում էր քանդել պայթեցման միջոցով․ թաղամասի բնակիչներն ահազանգում էին, որ պայթեցումը կարող է ազդել 20-40 մետր հեռավորության վրա գտնվող իրենց շենքերի սեյսմակայունության վրա։





























