Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում «Ford» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա 155 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և կրկնակի վրաերթի է ենթարկվել «Mazda» մակնիշի ավտոմեքենայի կողմից։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդ հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։