Հրայր Թովմասյանը 2011-ի հունիսի 13-ին իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվողն Նորայր Փանոսյանին նշանակել է ՀՀ արդարադատությանն նախարարության աշխատակազմի օրինականության, վերահսկողական տեսչության պետ: Դատարանի դահլիճում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին այդ նախադասությունը կարդալուց հետո ՍԴ նախկին նախագահ, այժմ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը շարունակեց. «Որ լրատվամիջոցներն են այս մասին նշում, ես դա հասկանում եմ, բայց որ դատախազությունն է իր հաղորդագրության մեջ նշում քավոր-սանիկականի մասին, ես չեմ հասկանում: Ինչու եք գրել, որ նշանակվել է օրինականության վերահսկողության տեսչության պետ, ես իրեն տեսչության պետ չեմ նշանակել: Լսո՞ւմ եք, հարգելի դատարան»:
Մեղադրող կողմն էլ հարց բարձրացրեց. «Ո՞վ դատարանի դահլիճից ասաց՝ քնա՞վ, ո՞վ քնավ: Նման արտահայտություն եղավ դահլիճից, երբ պարոն Թովմասյանը դիմեց Ձեզ, հարգելի դատարան, թե՝ լսո՞ւմ եք»:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էլ Թովմասյանին ասաց, որ դատարանում շոու չանի:
«Հարգելի՛ դատարան, ես շոումեն չեմ, ինձ չվիրավորե՛ք, ես շոումեն չեմ, շոումեններն էստեղ չեն, ով շոումեն է ու այս ամբողջը սարքել է, այստեղ չէ, չփորձեք ինձ վիրավորել»,- ի պատասխան ասաց Թովմասյանը:
Դատավորն էլ արձագանքեց. «Ձեր տոնը փոխե՛ք»:
«Ի՞նչ տոն, ինձ շոումեն եք անվանում, մի հատ էլ տոնի՞ց եք խոսում: Չփորձե՛ք ինձ շոումեն անվանել»:
Դատարանը Թովմասյանի նկատմամբ կիրառեց դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով:
Թովմասյանը շարունակեց. «Հարգելի՛ դատարան, չփորձեք երկրորդ անգամ շոումեն ասել, և իմ ելույթը չփորձեք որակել, ընդհանրապես: Հարգելի՛ դատարան, սխալ է գրված, էն հրամանը որը կա, Փանոսյանը նշանակված է պաշտոնակատար: Ինչո՞ւ է այստեղ սխալ գրված: Նա այդ պաշտոնում չի նշանակվել, պաշտոնակատար է նշանակվել, ինչո՞ւ է սխալ գրված՝ պարզ հարց եմ տալիս, այ էս որակի է ամեն ինչ»:





























