Թուրքիայում 10 մարդ է ձերբակալվել հարավարևելյան Դիարբեքիր նահանգում ութամյա երեխայի սպանության հետաքննության շրջանակում, որը հասարակական մեծ արձագանք է առաջացրել։ Նրանց թվում են երեխայի ամենամոտ ազգականներից ութը, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։

Օգոստոսի 21-ին անհետացած Նարին Գյուրանի դին սեպտեմբերի 8-ին հայտնաբերվել է տոպրակի մեջ՝ գետի ափին, գյուղի մոտ, որտեղ նա ապրում էր ծնողների հետ։ Դատաբժշկական փորձաքննությունն աղջկա մարմնի վրա հայտնաբերել է խեղդելու հետքեր։ Սկզբում սպանության մեջ կասկածվում էր նրա հորեղբայրը, որը գյուղի ղեկավարն է։ Հետաքննության շրջանակներում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել  22 մարդ։ Դատարանի որոշմամբ ձերբակալվել է 10 մարդ, այդ թվում՝ Նարինի մայրն ու ավագ եղբայրը։

Դիարբեքիր նահանգի դատախազությունը բազմակողմանի հետաքննություն է իրականացնում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ հանցագործության մեղավորները պետք է ստանան ամենախիստ պատիժը։