Ադրբեջանում 2023 թվականի ուսումնասիրությունը բացահայտել է 147 միջադեպ՝ կապված լրատվամիջոցների աշխատողների, լրագրողների, խմբագրությունների և ակտիվիստների դեմ հարձակումների/սպառնալիքների հետ, հայտնում է Justice for Journalists Foundation-ը։
2023 թվականի վերջին ամիսներից Ադրբեջանում աննախադեպ հետապնդում է սկսվել անկախ և քննադատող լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ։ Արդյունքում, ավելի քան 20 լրագրողներ և լրատվամիջոցների աշխատակիցներ ներկայումս Ադրբեջանի բանտում են, անկախ առցանց լրատվամիջոցների մեծ մասը փակվել է, և բազմակարծության ցանկացած ձև լուրջ սպառնալիքի տակ է։
Կառավարությունը փորձել է լռեցնել նաև արտասահմանում գտնվող իր քննադատներին: 2024 թվականի օգոստոսին ձերբակալվել է Վրաստանում բնակվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը, արդեն պահանջվել է նրան արտահանձնել Ադրբեջան։ Ադրբեջանի իշխանությունները Սադիգովին մեղադրել են շորթման նպատակով «վիրավորական տեղեկատվություն տարածելու սպառնալիքի» մեջ։ Սադիգովն Ադրբեջանում ենթարկվել է դաժան բռնաճնշումների և նախկինում արդեն բանտարկվել էր իր հայրենիքում։
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կազմած 2023 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը 180 երկրների մեջ զբաղեցնում է 151-րդ տեղը։ Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության, «նախագահ Իլհամ Ալիևը վերացրել է բազմակարծություն հիշեցնող ամեն բան, և 2014 թվականից անդադար ջանքեր է կիրառել մնացաշ բոլոր քննադատներին լռեցնելու համար»:
Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2023» զեկույցում Ադրբեջանը 100 հնարավոր միավորից ստացել է ընդամենը 9 միավոր և դասվել «ոչ ազատների» շարքը։ Այս դասակարգումը պահպանվում է ավելի քան 15 տարի: Կազմակերպությունն ընդգծել է, որ Ադրբեջանի խորհրդարանը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել լրատվամիջոցների և լրագրողների համար։ Freedom House-ի «Ազատությունը ցանցում 2023» զեկույցում նույնպես Ադրբեջանը մատնանշվել է մի երկիր, որտեղ ինտերնետն ազատ չէ: Զեկույցում նշվում են հիմնական սահմանափակումները, ներառյալ սոցիալական ցանցերի հարթակների և քաղաքական, սոցիալական և կրոնական բովանդակությամբ կայքերի արգելափակումը:
Դատական և/կամ տնտեսական միջոցների կիրառմամբ հարձակումները շարունակում են մնալ Ադրբեջանում լրատվամիջոցների աշխատողների վրա ճնշում գործադրելու հիմնական մեթոդը։ 89% դեպքերում լրատվամիջոցների աշխատակիցների դեմ հարձակումների համար պատասխանատու են պետական պաշտոնյաները։
2023 թվականին Ադրբեջանում 19 ֆիզիկական հարձակում է գրանցվել լրատվամիջոցների աշխատակիցների վրա։ Այս միջադեպերի մեծ մասը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները լուսաբանել են զանգվածային բողոքի ցույցերն ու հավաքները։ Բոլոր գրանցված հարձակումներն իրականացրել են իշխանության ներկայացուցիչները:





























