Ադրբեջանում երբեք ազատ և արդար ընտրություններ չեն անցկացվել, և վերջին ընտրությունները բացառություն չէին։ Այս մասին ասվում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի հայտարարության մեջ։
Կիրակի օրը Ադրբեջանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանխատեսելի հաղթանակ բերեցին նախագահ Իլհամ Ալիևի կուսակցությանը։ Միևնույն ժամանակ, մյուս կուսակցությունները խամաճիկ կամ գրպանային ընդդիմադիր խմբեր են։
Ակնկալվում էր, որ ընտրատեղամասերում կլինեն համատարած խախտումներ՝ բազմակի քվեարկություն, քվեաթերթիկների լցոնումներ, բռնություններ և ճնշումներ անկախ և ընդդիմադիր դիտորդների վրա:
Անցած տարիներին Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ արել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ոչնչացնելու, անկախ ԶԼՄ-ները փակելու, հասարակական կյանքի բոլոր ասպեկտների նկատմամբ խիստ վերահսկողություն պահպանելու, քաղաքական ընդդիմությանը վերացնելու և ադրբեջանցիներին արտահայտվելու համար վախի մթնոլորտ ստեղծելու համար:
Նման ռեպրեսիվ պայմաններում անհնարին են ազատ և արդար ընտրությունները։ Քանի դեռ քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել և չի դադարեցվալ քաղաքական հակառակորդների ու քննադատների ճնշումները, երկրում վստահելի ընտրություններ չեն լինի։
1991 թվականին երկրի անկախացումից հետո բոլոր ընտրություններն անցել են կեղծիքներով և խախտումներով: Խախտումներով ընտրությունների յուրաքանչյուր փուլն Ադրբեջանի համար բաց թողնված հնարավորություն էր հետխորհրդային ավտոկրատիայից ժողովրդավարության կողմն անցնելու համար:
Նախագահ Ալիևը 2023 թվականի փետրվարին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում վերընտրվեց ևս յոթ տարի ժամկետով։
Ժողովրդի ապատիան և ցածր մասնակցությունը վկայում են քաղաքացիների լուրջ հիասթափության մասին քաղաքական համակարգից, որը բազմիցս անցկացրել է կեղծ ընտրություններ: Համակարգված ռեպրեսիաների միջոցով իշխանությունը փաստացի նվազեցրել է հանրության վստահությունը երկրի ընտրական գործընթացի նկատմամբ:
ԵԱՀԿ-ն արձանագրել է, որ ընտրությունները չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին։





























