Բեռլինի վարչական դատարանը պահանջել է, որպեսզի բունդեսթագը հասանելի դարձնի ՉԹՕ-ների եւ ոչ երկրային կյանքի մասին հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացրել է Գերմանական խորհրդարանի գիտական ծառայությունը:

Ըստ դատարանի տվյալների` գիտնական Ֆրանկ Ռայտեմայերը պահանջել է, որ բունդեսթագը հրապարակի 2009թ. նոյեմբերին Գերմանական խորհրդարանի գիտական ծառայության պատրաստած զեկույցը, որը վերաբերում է ոչ երկրային կյանքի որոնումներին եւ ՉԹՕ-ների դիտարկմանը, սակայն մերժում է ստացել: Բունդեսթագը հիմնավորել է նրանով, որ Գիտական ծառայության կատարած հետազոտությունները իր մտավոր սեփականությունն են:

Բայց Բեռլինի դատարանը այլ բան է վճռել: Ըստ դատարանի` խորհրդարանի առաջնային գործառույթը օրենքներ ընդունելն ու կառավարությանը վերահսկելն է: Գիտական ծառայության աշխատանքը դրանց թվում չի ընդգրկվում, քանի որ այն միայն պատասխանում է պատգամավորների հարցերին եւ փորձագիտական գնահատականներ է տալիս նրանց հուզող հարցերի վերաբերյալ:  Հեղինակային իրավունքները եւս տվյալ դեպքում չեն խախտվում, քանի որ Ռայտեմայերը չի պատրաստվում զեկույցը հրապարակել, այլ միայն կարող է ընթերցել այն, գրում է «Lenta.ru»-ն:

Դատարանի վճիռը դեռ կարելի է բողոքարկել, առավել եւս` որ դրանից դժգոհ են երկու կողմերն էլ, քանի որ Ռայտեմայերը ուզում է հասնել նրան, որ զեկույցը բոլորին հասանելի դառնա: