Ութ միգրանտ է զոհվել կիրակի վաղ առավոտյան Ֆրանսիայի հյուսիսից Լա Մանշն անցնելու անհաջող փորձի ժամանակ, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Փրկարարական գործողությունը շարունակվում է, և ողբերգությունից փրկվածները տեղափոխվել են հյուսիսային Ամբլետեզ քաղաքի մարզադահլիճ, ասվում է Պա-դե-Կալեի շրջանի պրեֆեկտուրայի հայտարարության մեջ:
Տեղական իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ միգրանտները վերջին օրերին բազմաթիվ փորձեր են արել փոքր նավակներով վտանգավոր անցում կատարելու համար, և միայն ուրբաթ ու շաբաթ օրերին 24 ժամվա ընթացքում հաջողվել է 200 մարդ փրկել:
Առնվազն 12 միգրանտ, հիմնականում Էրիթրեայից, այս ամիս զոհվել են Ֆրանսիայի հյուսիսային ափի մոտ, երբ նրանց նավակը, որում տասնյակ մարդիկ էին գտնվում, շրջվել է: Դա իր տեսակի մեջ այս տարվա ամենամահաբեր աղետն էր, որը Լա Մանշում միգրանտների զոհերի թիվը հասցրեց 37-ի՝ 2023 թվականի 12-ի դիմաց:





























