Չինաստանն իր միջազգային պահուստներից միջոցներ չի ծախսելու եվրագոտու երկրներին օգնություն ցույց տալու համար: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործ նախարար Ֆու Ինը:

Նա նշել է, որ կառավարությունը միջազգային ռեզերվներից միջոցներ չի ծախսելու ոչ արտասահմանյան նախագծերի, ոչ էլ երկրի ներսում աղքատության դեմ պայքարելու համար:

Այդուհանդերձ, Ֆու Ինը պարզաբանել է, որ Եվրամիության այդ թեմայի շուրջ բանակցություններում Չինաստանի դիրքորոշումը կարող է սխալ մեկնաբանվել: Նա հիշեցրել է, որ 1998-ի ասիական ֆինանսական ճգնաժամը ցույց է տվել, թե որքան կարեւոր է երկրի համար միջազգային ռեզերվների անձեռնամխելիությունը: Դրա հետ մեկտեղ, Ֆու Ինը չի բացառել ՉԺՀ-ի մասնակցությունը ԵՄ-ին օգնելու ծրագրում, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Չինաստանը ներկայումս տնօրինում է ամենամեծ քանակությամբ ռեզերվները աշխարհում` 3,2 տրիլիոն դոլարի չափով:

Միաժամանակ, Բրազիլիան պատրաստ է եվրազոնային վարկ տրամադրել 10-15 միլիարդ դոլարի չափով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով եվրոպական շրջանների տեղեկատվական աղբյուրները: