Իրանի և Ռուսաստանի զինվորական հրամանատարությունների ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև ռազմածովային համագործակցության սերտացման ծրագրերը, ներառյալ Կասպից ծովում և Իրանի հարավային ջրերում համատեղ ծովային պարեկության հարցը, գրում է Tasnim-ը։
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Չինաստանում Պեկին Սյանշանի 11-րդ համաժողովի շրջանակներում, Իրանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի համակարգման գծով տեղակալ, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին Կասպից ծովն անվանել է խաղաղության և բարեկամության ծով:
Իրանցի գեներալը նաև ընդգծել է հավաքական անվտանգությունն ապահովելու համար մերձկասպյան երկրների ջանքերի միավորման անհրաժեշտությունը՝ առանց կողմնակի երկրների մասնակցության։ Պաշտոնյաները նաև քննարկել են Կասպից և հարավային ջրերում Իրանի և Ռուսաստանի միջև ռազմածովային համագործակցության ընդլայնման ծրագրերը, ինչպիսիք են համատեղ ծովային պարեկությունը և համատեղ ռազմածովային զորավարժությունները:
Քննարկվել են նաև Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացման ընթացքում երկու երկրների ռազմավարական շահերի պաշտպանության ուղիները։





























