Այսօր գիշերը ժամը 3-ին դադարեցվել է գազի մատակարարումը Կապանի գազ սպառողներին, որի պատճառը Կապան-Քաջարան հատվածում մայրուղային գազամուղի վթարն է` 5օօ միլիմետր տարածքով: Սրա հետ կապված հայկական կողմի խնդրանքով Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Հայաստան:
«Հայռուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը՝ նշելով, որ իրենք են դիմել իրանական կողմին գազի մատակարարումը դադարեցնելու համար, որպեսզի կարողանան տեղայնացնել վթարը: «Գազատարը վերականգնելուց հետո, նորից կդիմենք իրանական կողմին, որպեսզի վերականգնվի գազի մատակարարումը»,- ասաց նա: Հարցին, թե մոտավորապես երբ կվերականգնվի գազամատակարարումը, Շ Սարդարյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է վթարը վերականգնելու արագությունից: Դա առավելագույնը կարող է տեւել երկու օր, սակայն հնարավոր է, որ ավելի կարճ ժամանակում վթարի հետեւանքները վերացվեն:




























