Շուրջ 2 տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսը: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Վրաստանում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա ու մինչև այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու շարունակել քննարկումներ երկուստեք կարեւորություն ունեցող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ»,- ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ տարածաշրջանի կայունության եւ տնտեսական զարգացման համար առանցքային կարեւորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուցվածքների եւ կապուղիների ապաշրջափակումն ու լիարժեք գործարկումը, որը համարում ենք մեր կառավարության առաջնահերթություններից մեկը:

Այս մասին մեր պատկերացումները լավագույնս արտացոլված են ՀՀ կառավարության մշակված «Խաղաղության խաչմերուկի» նախագծում, որը միջազգային մեր գործընկերների դատին եմ հանձնել հենց Թբիսիլիում տեղի ունեցած համաժողովում»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ Հարավային Կովկասում, իրապես,  կա հակամարտության էջը փակելու ու տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն. «Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։