Զիմբաբվեի իշխանությունները 1988 թվականից ի վեր առաջին անգամ թույլատրել են փիղ սպանել՝ աննախադեպ երաշտի պայմաններում սննդի պակասի վտանգի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ որսորդներին հանձնարարվել է մորթել 200 առանձնյակի։

Աֆրիկյան մայրցամաքի հարավային մասում գտնվող երկիրն «ավելի շատ փիղ ունի, քան պետք է»,- Ըստ Euronews-ի՝ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարը:

Զբոսայգիների և վայրի բնության վարչության (ZimParks) գործադիր տնօրեն Ֆուլթոն Մանգվանյին նշել է, որ փղերի որսը տեղի կունենա այն տարածքներում, որտեղ փղերի ու մարդկանց բախումներ են եղել», ներառյալ Հվանգը, որտեղ գործում է Զիմբաբվեի ամենամեծ արգելոցը:

Վկայակոչելով հարևան Նամիբիայի փորձը, որը նույնպես որոշել է սպանել վայրի կենդանիներին սննդի հայթայթման նպատակով, պաշտոնյաները նախատեսում են «մոբիլիզացնել կանանց՝ միսը չորացնելու, փաթեթավորելու և սպիտակուցի կարիք ունեցող համայնքներին մատակարելու համար»:

Մի շարք փորձագետներ և կենդանիների իրավունքների պաշտպաններ ենթադրում են, որ բնական աղետի հետևանքների դեմ պայքարի իշխանությունների միջոցները կարող են բացասաբար ազդել երկրի իմիջի վրա և բարոյական նկատառումներով զբոսաշրջիկներին վանել Զիմբաբվե այցելելուց:

Զիմբաբվեում բնակվում են մոտ 100 հազար փղեր, որոնք Բոտսվանայից հետո աշխարհում երկրորդն են իրենց թվաքանակով:

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) գնահատմամբ՝ մայրցամաքում մնացել է ընդամենը մոտ 415 հազար փիղ (20-րդ դարի սկզբին 3-5 միլիոն փիղ կար): Ասիական և աֆրիկյան փղերը համարվում են ոչնչացման եզրիին հասած, բացառությամբ Հարավային Աֆրիկայի, Բոտսվանայի, Նամիբիայի և Զիմբաբվեի պոպուլյացիաների, որտեղ փղերը դասակարգվում են իբրև «խոցելի» կենդանատեսակ: