Սահակաշվիլին հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսին եւ Զեեւ Ֆրենկելին ներում շնորհելու փոխարեն 70 միլիոն դոլար է ստացել: Այս մասին հայտարարել է վրացի փորձագետ Իրակլի Սեսիաշվիլին, գրում է վրացական «Մեդիայնուզ» գործակալությունը:
Փորձագետը գործակալությանը տված հարցազրույցում հռետորական հարց է տվել. «Ի՞նչ տարբերություն գործարարները կառավարությանը գումարը կտային կաշառելո՞ւ, թե՞ բանտից ազատվելու համար: Գործարարներին դեռ ծուղակը գցեցին, ապօրինաբար ձերբակալեցին, բանտում ստեղծեցին անհանդուրժելի պայմաններ, իսկ հետո ներում շնորհելու փոխարեն պահանջեցին 70 միլիոն դոլար: Դա չի կոչվում ներում շնորհել, դա կոչվում է նրանց ազատությունը վաճառել»,-նշել է փորձագետը:
Նրա խոսքով, բոլորն էլ լավ հիշում են, թե ինչ արդյունքներ է ունեցել հրեա գործարարների ձերբակալումը:
«Իսրայելը փաստացի խզեց իր հարաբերությունները Վրաստանի հետ: Էլ չեմ խոսում միջազգային լրատվամիջոցների բացասական արձագանքի մասին: Իհարկե այս առք ու վաճառքի փաստը նույնպես բացասական արձագանք կունենա»,-իր կարծիքն է հայտնել Իրակլի Սեսիաշվիլին:
Հիշեցնենք, որ Միխայիլ Սահակաշվիլին ներում է շնորհել հրեա գործարարներ Ռոնի Ֆուքսին եւ Զեեւ Ֆրենկելին, որոնց վրացի ոստիկանները ձերբակալել են 2010 թվականի հոկտեմբերի 14-ին` վրաց պաշտոնյային կաշառք առաջարկելու համար:




























