Մայաների օրացույցում աշխարհի վերջի մասին չի էլ հիշատակվում: Այս մասին, ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, մեքսիկական Պալենկե քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովում հայտարարել է ավստրալական Լա Թրոնե համալսարանի պատմաբան Սվեն Գրոնեմեյերը:
Գիտնականը մանրամասն պատմել է Կոմալկալկո տաճարում, որտեղ հնդկացիներն իրենց ծեսերն էին իրականացրել, վերջերս հայտնաբերված գտածոյի մասին:
Նրա խոսքով` մեծ աղմուկ բարձրացրած գտածոն մոտ 1300 տարեկան քարե սալիկ է: Այնտեղ տեղադրված է մայաների ցիկլային օրացույցը, որը կազմված է միմյանց հաջորդող 13 ժամանակային փուլերից (բակտուններ), որոնցից յուրաքանչյուրը տեւում է 394 տարի:
Վերջին` 13-րդ բակտունն ընդհատվում է 2012թ. դեկտեմբերի 21-ին, սակայն այդ տարեթիվը ոչ թե աշխարհի վերջն է խորհրդանշում, այլ պատերազմի եւ պտղաբերության հնագույն աստված Բալոն Յոկտեյի գալուստը: Այդ օրը հոգեւոր սպասվորների կողմից դիտարկվում է որպես ազգի «երկրորդ ծնունդ», որը ենթադրում է մարդկության անցումը մի նոր մակարդակ, ոչ թե ամեն կենդանի բանի վախճան:
Պատմաբանն ընդգծում է, որ մայաների արձանագրությունները լի են փոխաբերություններով եւ այլաբանություններով, իսկ դա նշանակում է, որ դրանք բառացի ընդունելը պարզապես հիմարություն է, նշում է Associated Press-ը:




























