Երբ ասում են, որ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, դա ամենասխալ թեզն է: Եկեղեցին որևէ մեկի առջև ոչ կխոնարհվի, ոչ ծնկի կգա՝ բացի մեր տիրոջից ու Աստծուց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
«Քաղաքականությունը եւ քաղաքացիական դիրքորոշման իրավունքը շատ բարակ սահման ունեն, որը շատ անգամ աներեւույթ է թվում: Որովհետեւ քննարկվելիք հարցերը, մտահոգությունները, խնդիրները բոլորը երկու տեղում էլ նույնն են՝ թե քաղաքական ասպարեզում, եւ թե քաղաքացիական դիրքորոշման իրավունքի ասպարեզում: Տարբերվում է նրանով, որ եթե մեկը զբաղվում է քաղաքականությամբ, նա ենթադրում է, որ նրա վերջնական նպատակը քաղաքական իշխանություն ունենալն է: Եկեղեցին այդ բոլոր հարցերով զբաղվում է իր քաղաքացիական պարտականության իրավունքի եւ կեցվածքի շնորհիվ: Դա չի նշանակում, որ Եկեղեցին հավակնություն ունի քաղաքական իշխանություն ունենալու: Դա այսօր չեն ուզում հասկանալ, ու չգիտես ինչու իրենք իրենց մեջ պարանոիդալ վախեր են դնում»,- հայտարարեց նա:



























