Երևան-Սևան ավտոճանապարհի հատվածում գործող «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի՝նախնական տեղեկություններով՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասացին ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանությունից նշել են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը Վերին Պտղնի բնակավայրի հատվածում տեղադրում է ուղեփակոց։
«Տեղում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները ապահովում են աշխատանքի բնականոն ընթացքը, սակայն «Զովք» սուպերմարկետի աշխատակիցները փորձ են արել խոչընդոտել դրանք՝ իրականացնելով անհնազանդության ակցիա:
ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգը պահելու ժամանակ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով (ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը) նախատեսված արարքի համար 15 անձի բերման է ենթարկել բաժին»,- նշել են ՆԳՆ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտնվող «Զովք» և մի քանի խանութների աշխատակիցներ ու տնտեսվարողներ, ինչպես նաև Վերին Պտղնիի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը:
Այդ օբյեկտների աշխատակիցներն ու գյուղի բնակիչները պահանջում էին, որպեսզի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերությունը հստակ պատասխանի, թե ինչից ելնելով և ում որոշմամբ է որոշվել, որ պետք է ճանապարհի այդ հատվածում տեղադրվեն երկաթե արգելապատնեշներ:





























