Այս պահին ես չեմ տեսնում Հայաստանի տարածքով միջանցք բացելու նպատակով ռազմական գործողությունների հավանականություն։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Եթե որևէ մեկը կարող է նման քայլի գնալ, դա Ադրբեջանն է։ Սակայն չեմ կարծում, որ Բաքուն կգնա նման քայլի, այդ թվում՝ Cop29-ից հետո։ Ադրբեջանը գնալու է Հայաստանի վրա ճնշում գործադրելու ճանապարհով՝ լրացուցիչ զիջումներ պոկելու համար։ Բայց սա միայն կանխատեսում է, Ալիևն անկանխատեսելի է»,- նշել է նա։
Նրա կարծիքով, Հայաստանով անցնող միջանցքի հարցը լուրջ խոչընդոտ չի դառնա իրանա-ռուսական հարաբերությունների զարգացման համար։
Սաֆրաստյանը բացատրեց, որ Ռուսաստանն ու Իրանը կարող են հասնել ռազմավարական դաշինքի մակարդակի, թեև դա բարդ գործընթաց է, քանի որ նրանք խնդիրներ են ունեցել դեռևս կայսերական ժամանակներից, այդ թվում՝ Հարավային Կովկասում։
Հայաստանով անցնող միջանցքի հարցում Ռուսաստանի և Իրանի մոտեցումներում կան տարբերություններ, սակայն, նրա գնահատմամբ, դրանք այնպիսին չեն, որ խանգարեն դաշնակցային հարաբերություններ հաստատել։
Սաֆրաստյանը հիշեցրեց, որ այս երկրները կապված են Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծով Ադրբեջանի տարածքով, ինչը Ռուսաստանին հնարավորություն է տալիս կենսականորեն անհրաժեշտ հաղորդակցություն հաստատել Հնդկաստանի և Չինաստանի հետ։
«Այս ֆոնին Թուրքիան սպասողական դիրքորոշում է որդեգրել՝ հուսալով, որ իրանա-ռուսական հարաբերությունները կսրվեն։ Սա Թուրքիայի համար կարծես վերացական շահ է, քանի որ այս միջանցքի երկաթուղային նախագծի իրականացումն իրական հետաքրքրություն ցուցաբերող տեմպերով առաջ չի գնում»,- եզրափակեց թուրքագետը։











