Լիբանանում կապի սարքերի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ գործակալության աղբյուրների՝ պայթյունները տեղի են ունեցել միաժամանակ, իսկ որոշ տեղերում՝ հաջորդաբար՝ Լիբանանի տարբեր շրջաններում։ Զրուցակիցները հավելել են, որ կապի սարքերի պայթյունները տեղի են ունեցել այդ սարքերի վրա կատարված հաքերային գրոհի արդյունքում։

Ինչպես հաղորդում են լիբանանյան լրատվամիջոցները, միջադեպի պատճառ է դարձել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման կապի հատուկ սարքավորումների վրա հաքերային գրոհը։ Լիբանանի առողջապահության նախարարությունից հայտարարել են, որ հիվանդանոցները սպասման ռեժիմի են անցել։

Գերատեսչությունից հավելել են, որ փեյջեր օգտագործող բոլոր քաղաքացիները պետք է անհապաղ ազատվեն դրանցից։ Լիբանանի Կարմիր Խաչից հայտնել են, որ շտապօգնության ավելի քան 30 մեքենա է ուղարկվել այն շրջաններ, որտեղ բազմաթիվ պայթյուններ են տեղի ունեցել, այդ թվում՝ Բեքաայում և Բեյրութի հարավային արվարձաններում:

Նշվում է, որ ավելի ուշ վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար ուղարկվել է շտապ օգնության ևս 50 մեքենա և արտակարգ իրավիճակի 300 մասնագետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի դեսպանը վիրավորվել է Բեյրութում փեյջերի պայթյունի հետևանքով։