Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերը տեղի կունենան դեկտեմբերի 5-8-ին, որին նախորդող աշխատանքային խորհրդակցությունն այսօր` դեկտեմբերի 2-ին, նախագահել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ով կատարում է խորհրդարանի նախագահի պարտականությունները:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և դեկտեմբերի 5-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 12 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 116 հարց, միջազգային 18 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և դեկտեմբերի 5-8-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն դեկտեմբերի 5-ի ԱԺ նիստում:

Նշենք, որ ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է առաջիկա քառօրյայում ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել հենց Սամվել Նիկոյանին, իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնում` Էդուարդ Շարմազանովին: